Աղքյորփի գյուղում բետոնապատվել է երեք ներքին ճանապարհ

Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Աղքյորփի գյուղում բետոնապատվել է երեք ներքին ճանապարհ:

Բետոնապավել են գյուղի համեմատաբար թեք, վերելքով ու ձմռանը վտանգ ներկայացնող ճանապարհները: Բետոնապատված երեք ճանապարհները միասին կազմում են մոտ 700 մետր:

Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ բետոնապատված ճանապարհներն առանց այն էլ վտանգավոր էին, իսկ ձմռանը մեքենայով կամ որևէ այլ տեխնիկայով տեղաշարժն ուղղակի սահմանափակվում էր:

«Հաջորդ տարի կփորձենք բարեկարգել էլ ավելի մեծ չափի ճանապարհներ. բարելավվում է գյուղացիների կյանքը, տեղաշարժն ավելի է հեշտանում»,- ասում է Հախվերդյանը:

Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ բետոնապատ ճանապարհը կլուծի ամենակարևորը՝ տեղաշարժի խնդիրը:

«Ձմռանը՝ առատ ձյան պայմաններում մեր թաղամաս եկող վերելքով ճանապարհն անհասանելի էր դառնում. ձորաբերանի կիսաքանդ ճանապարհն իսկական վտանգ էր ներկայացնում: Շտապօգնության մեքենաները չէին կարողանում բարձրանալ»,- ասում է Վարդումյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում գյուղում ենթակառուցվածքային ծրագրերի ակտիվացում է նկատվում, ինչը, բնականաբար ակտիվացնում է գյուղական կյանքը:

Նշենք, որ ճանապարհների բետոնապատման համար ծախսվել է մոտ 400 հազար լարի: