Աջարիան պատրաստվում է ցիտրուսային մշակաբույսերի բերքահավաքի սեզոնին. լուսանկարներ

Աջարիան իսկապես Վրաստանում ցիտրուսի մայրաքաղաքն է, մանդարինի հոտն այստեղ զգացվում է դեռ սեպտեմբերից, ցիտրուսն աճում է ամենուրեք:

Կվարիաթիում բնակվող տիկին Մանանան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է․

«Մեր անտառներում ամենուրեք աճում են մանդարինի, լիմոնի ծառեր: Անցյալ տարին, օրինակ, շատ բարենպաստ էր ցիտրուսի բերքի առումով, մեր այգում աճող լիմոնի ծառերն այնքան բերք էին տվել, որ մի ողջ տարվա պաշար էր դարձել»:

Նրա խոսքով, սակայն, ոչ բոլոր տարիներին է հաջողվում որակյալ բերք ստանալ․ դա կախված է եղանակներից, ինպես նաև ապահովագրումից: Ոչ ստանդարտ մանդարինների գինը նախորդ տարի 30 թեթրի էր: Ինչ վերաբերում է ցիտրուսի բերքի ապահովագրմանն, այն այս տարի արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև տարեվերջ: Պետությունը պատրաստվում է համատեղ ֆինանսավորել բերքի ապահովագրումն, այդ թվում նաև վատ եղանակների դեպքում:

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին օրեր առաջ կոչ էր արել ֆերմերներին՝ չսպասել եղանակների վատթարացմանը, բերքն ապահովագրել հիմիկվանից:

«Նախորդ տարի մենք խախտում էին ունեցել ու փոքր-ինչ ուշ մեկնարկեցինք գործընթացը: Պետությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ ապահովագրման հարցում, խոսքը 70 տոկոսի ֆինանսավորման մասին է, մնացած 30-ը կվճարի ֆերմերը,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Խանիշվիլին,- Ապահովագրումն ընդգրկում է հիմնական ռիսկերը՝ կլինի դա կարկտահարություն, ցրտահարություն և այլն: Այսինքն ֆերմերներն անսպասելի ցրտահարությունից ապահովագրված կլինեն»։

Ծրագիրը Վրաստանում գործում է 2014 թվականից: Նախորդ տարվա ընթացքում Վրաստանից արտահանվել է ավելի քան 30 հազար տոննա ցիտրուս, ամենամեծ մասը՝ Ռուսաստան, մոտ 20 տոննա, որին հաջորդում են Ուկրաինան ու Հայաստանը: