Նախագահ Զուրաբիշվիլին կրկին ուշադրության կենտրոնում. ի՞նչ է կատարվում

Վերջին շրջանում Վրաստանում ընթացող իրադարձություններին զուգահեռ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել: Եթե մի քանի ամիս առաջ Զուրաբիշվիլիի հասցեին քննադատական հայտարարություններ էին անում միայն ընդդիմադիր կուսակցությունները և հասարակության մի մասը, ապա այժմ այս ցուցակին են ավելացել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, որոնց աջակցությամբ ի դեպ Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի նախագահ:

Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում 22 ամյա ոստիականին սպանելու համար:

Այս որոշումից հետո վրաց հասարակությունում և քաղաքական դաշտում բողոքի ալիք բարձրացավ: Դեռ սեպտեմբերի 2-ին Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց մի խումբ երիտասարդներ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները նշված համաներման պատճառով բողոքի ակցիա անցկացրեցին:

Սեպտեմբերի 4-ին Վրաստանի կառավարության նոր կազմի լսումների ժամանակ արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանին քննադատել էր նախագահին, և հայտնել որ տվյալ որոշումը համաձայնեցված չի եղել քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության հետ:

Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին նույնպես քննադատել էր Զուրաբիշվիլիին և նշել, որ այդ որոշումն իր համար անընդունելի է:

«Կարծում եմ՝ ծանր հանցանք գործող դատապարտյալներին չպետք է համաներում շնորհվի, առավելևս ոստիկանին սպանողին»,- հայտարարել էր Գոմելաուրին:

Զուրաբիշվիլին միայն սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ այս հարցին՝ հայտարարելով, որ համաներման իրավական բնույթից ելնելով կոնկրետ մանրամասներին և հանգամանքների քննարկում տեղի չի ունենա: Նախագահի խոսքով նա հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի արագացվի իր աշխատակազմում սկսված գործընթացը, ու օրենսդիր մարմնի և համապատասխան գերատեսչությունների հետ կատարելագործեն համաներման օրենքը, որպեսզի այն մնա որպես մարդասիրական բացառություն:

Զուրաբիշվիլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև օգոստոսին, երբ վրաց-օսական շփման գծում իրավիճակը լարվել էր: Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում օգոստոսի 7-ի գիշերը ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ է բերվել, ինչի հետևանքով տեղի բնակիչներից երկուսի բնակարանը մնացել էր սահմանից այն կողմ: Բնակիչներին իրենց իրերը հեռացնելու համար 3 օր ժամանակ տրվեց:

Նախագահն այս հարցի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեց: Ավելի ուշ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հայտարարությունը պետք է լինի լուրջ և ոչ թե փողոցում արված, ու երբ կորոշի հայտարարություն անել՝ կզգուշացնի դրա մասին, սակայն հայտարարություն այդպես էլ չարվեց:

Զուրաբիշվիլին նաև չմեկնաբանեց սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականը՝ պատճառաբանելով, թե երկրից դուրս (պաշտոնական այցով նախագահը գտնվում էր Լեհաստանում) երկրի ներքաքաղաքական հարցերի մասին մեկնաբանություններ անելը ճիշտ չէ:

Եվ վերջում Սալոմե Զուրաբիշվիլիի հայտնի արտահայտությունների թվին ավելացվեց նաև Le Figaro-ին տված հարցազրույցում Բիձինա Իվանիշվիլիի մասին ասված խոսքերը: Նախագահը հարցազրույցում նշել է, որ անցյալում բազմիցս ասել է, թե «Իվանիշվիլին Ռուսաստանում հարստացած օլիգարխ է ու նա կարողացավ ընդդիմությանը միավորել և իշխանության գալ, քանի որ փող ունի, այդ իսկ պատճառով նա քաղաքականապես կարևոր մարդ է»:

Սեպտեմբերի 7-ին մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլին հեռացել է պաշտոնից: Նա դեռ հայտարարություն չի արել նշվածի վերաբերյալ, սակայն ենթադրվում է, որ պատճառը նախագահի հետ անհամաձայնություններն են: