Ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականը

«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի մոտ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ներկա իշխանությունների հրաժարականը։ Նրանք դժգոհություն են հայտնում իշխող ուժի կողմից սատարվող Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածության, ինչպես նաև «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի գործունեության դեմ։

Ակցիային միացել է նաև անցյալ տարի սպանված դպրոցականի հայրը՝ Զազա Սարալիձեն, ով շարունակում է պնդել, որ որդու սպանության գործն ամբողջովին չի բացահայտվում, քանի որ դրանում կապ ունեն ազդեցիկ գործիչներ։

Նա բողոքի ակցիաներ է սկսել այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավա փողոցում տեղի ունեցած 2 անչափահասների սպանության գործով աղմկահարույց որոշում կայացրեց․ անչափահասը սպանվել է, սակայն սպանողը չկա։

Հիշեցնենք՝ այս պահին «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում հանդիպում է ընթանում, որին մասնակցում են նաև կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: