ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանում անկախ լրատվամիջոցներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հաստատապես աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ լինի դա Վրաստանում, թե աշխարհի ցանկացած այլ վայրում:

Փրայսն անդրադառնալով Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալությանը, ասել է, որ ԱՄՆ-ն հստակ և անկեղծ է իր վրացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանը, և դա ներառում է ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայությունը:

Ըստ Փրայսի՝ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել վրաց ժողովրդի հետ՝ ձգտելով հասնել ժողովրդավարական, բարգավաճ, խաղաղ և եվրաատլանտյան ապագայի:

Խոսելով Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և մարդու իրավունքների վիճակի Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների ազդեցության մասին՝ Փրայսն ասել է, որ Վաշինգտոնը Վրաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, ինչն ԱՄՆ-ին լավ հնարավորություններ է տալիս խրախուսելու Վրաստանին՝ ձեռնամուխ լինել բարեփոխումների և երկրի բարելավման քայլեր ձեռնարկելուն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև նշել է, որ Վրաստանի ձգտումները հնարավոր չէ իրականացնել մեկ տարում և նույնիսկ մեկ տասնամյակում, այն պահանջում է քրտնաջան աշխատանք, համբերություն և զգալի ռեսուրսներ։

Ըստ Փրայսի՝ ԱՄՆ-ի խնդիրն է շարունակել գործընկերությունը Վրաստանի հետ և այդ ճանապարհին օգնել ռեսուրսներով և շատ դեպքերում ուղղակի աջակցությամբ:

Կարդացեք նաև՝

Մեկնարկում է պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Վրաստան