ԱՄՆ-ն կրկին խոսում է վրացական ավիաընկերությունների հնարավոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը կրկին խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և վրացական ընկերությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին։

Պատելն ասել է՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերականգնվեն, ապա այն աճող անհանգստության պատճառ կդառնա ոչ միայն ԱՄՆ-ի և արևմտյան երկրների, այլ նաև վրացական օդանավակայանները սպասարկող ընկերությունների համար, եթե սպասարկեն պատժամիջոցների տակ գտնվող ինքնաթիռներ։

«Ամբողջ արևմտյան հասարակությունը հեռացել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու ժամանակը չէ»,- ասել է Պատելը։

Ի դեպ, մայիսի 14-ին Վրաստանում ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։

2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այն, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։