ՌԴ-ից Վրաստան ուղիղ ավիաառաքում. Ռուսական փոստի հայտարարությունը

Չնայած բազմաթիվ բողոքների և Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման չեղարկման պահանջին՝ ՌԴ-Վրաստան օդային փոխադրումներն էլ ավելի են ակտիվանում:

«Ռուսական փոստը» դիտարկում է դեպի Վրաստան ուղիղ ավիաառաքման հնարավորությունը, գրում է Netgazeti-ին՝ հենվելով ընկերության տարածած տեղեկությանը:

«Մի քանի ավիաընկերությունների կայուն թռիչքների մեկնարկից հետո մենք շտապ կդիտարկենք փոստի ուղիղ օդային փոխադրման հնարավորությունը դեպի Վրաստան», — նշել են «Ռուսական փոստ»-ից:

Ընկերության տվյալներով՝ այժմ օդային փոստը Վրաստան է ուղարկվում երրորդ երկրների միջոցով։

Ի դեպ, մայիսի 14-ին քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։

2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։