Անձնականն ու ընտանիքը՝ զոհ աշխատանքին

Բազմիցս խոսել ենք, թե ինչպես է ազդում (խանգարում) կնոջ անձնական ու ընտանեկան կյանքը իր իսկ մասնագիտական աճին, իսկ այժմ եկեք դիտարկենք հակառակ պատկերը….

Ի՞նչ է լինում, երբ կինն իրեն նվիրում է աշխատանքին ու մասնագիտական աճին: Այս մասին զրուցել ենք 60-ամյա Կարինեի հետ:

Տեսնելով, թե ինչ դժվարություններ է իրենց սպասում կյանքում, մանավանդ աշխատանքի մեջ՝ կանայք փորձում են ավելի ուժեղ լինել. ուսում, կրթություն, գիտելիք, հետո արդեն բարձրագույն կրթություն, աշխատանքն ու կարիերան է գալիս: «Ուժեղ» կինն սկսում է հաղթահարել բոլոր բարդությունները, աստիճանաբար, երբեմն էլ ցատկելով առաջ գնում ու բարձրանում:

«Կանացի երջանկությունը  լիարժեքությունն է, երբ ունես աշխատանք, ընտանիք՝ երեխաներ և անձնական երջանկություն», — ասում է Կարինեն:

Կարինեն բարձրագույնն ավարտելուց հետո սկսել է աշխատել տարբեր հաստատություններում, և հետո նախարարություններում: Աշխատանքի մեջ գերազանց է եղել, հասել բարձրունքների և արժանացել բազմաթիվ գովասանքների:

Այսօր արդեն, երբ գրեթե ավարտին է մոտեցել իր մասնագիտական աճը, Կարինեն հասկանում է, որ այդ ամենը լիարժեք չէր:

«Գործ, աշխատանք, զբաղված եմ, ժամանակ չկա… բազմաթիվ պատճառներ ունեի, ասում էի՝ դե մի քիչ թեթևանա գործերս կյանքի ընկեր կգտնեմ, կամուսնանամ ու այդպես անցնում էին տարիներս, իսկ իմ գործերը չէին պակասում, ընդհակառակ՝ ավելանում էին», — պատմում է Կարինեն՝ հավելելով, որ կյանքի արագ ռիթմի մեջ չէր էլ զգացվում, թե ինչպես են թռչում տարիները:

Հոգեբանի կարծիքով անձնական երջանկությունն ու աշխատանքը համատեղելի են, երբ ճիշտ մասնագիտություն է ընտրված: Եթե մասնագիտությունն ընտրված է ծնողների կողմից կամ էլ «մոտիկի» խորհրդով, ապա նման մարդիկ և՛ աշխատանքի մեջ չեն հաջողվում, և՛ չեն ունենում անձնական կյանք: Նման դեպքերում անձն իրեն նվիրում է գործին, աշխատանքին, այդ ձգտումը, որ ամեն ինչ հասցնի և գերազանց անի, կտրում է մարդուն իր անձնականից: Եվ եթե քո սիրած, քո ընտրած մասնագիտությունն է և դու կոմֆորտ ես զգում այդ գործի մեջ, ապա միշտ էլ անձնականը ուղեկցում է քեզ և տարիքը կապ չունի, թե երբ կամուսնանաս, կարևորը որ վստահ լինես՝ ամենինչ էլ կհասցնես:

Վերջում պիտի նշենք՝ ամեն ինչ լավ է, երբ լիարժեք է: Լիարժեքությունն է հենց կանացի երջանկությունը:

Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցությունՔվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունըՔվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: