Անգլալեզու Վիքիպեդիայում Իրակլի Ղարիբաշվիլիի անունը փոխվել է «Իրակղլի»

Անգլալեզու Վիքիպեդիայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունը փոխվել է «Իրակղլի», բայց շուտով կրկին դարձել է Իրակլի։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի երեկոյան խորհրդարանի դիմաց խաղաղ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներից ոմանք ձերբակալվել էին հենց ցուցապաստառի վրա «Իրակղլի» գրառման պատճառով։

Հիշեցնենք, որ Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պաստառների վրայի գրառումների պատճառով ակտիվիստներին բերման ենթարկելու փաստով դեռ քննություն չի սկսել։

Նշված բովանդակությամբ պաստառների կապակցությամբ Ղարիբաշվիլին լրագրողներին ասել է, որ իրեն նման բաները չեն հետաքրքրում։
«Մի բան կուզենայի ասել ձեզ. մեր թույլ, մարգինալացված ընդդիմությունն ամբողջությամբ՝ իր բոլոր արբանյակներով, իր ՀԿ-ներով, միայն սադրանքներով են զբաղված։ Պատկերացրեք` ամենևին չի հետաքրքրում ինձ: Սրանք սովորական սադրանքներ են, որոնց վերաբերյալ լուրջ մարդը չի կարող լուրջ մեկնաբանություն անել»,- ասել է նա։

Ի դեպ, հունիսի 2-ի երեկոյան մի քանի միջադեպ է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ ընթանում էր «Ջիուտի» շարժման կազմակերպած խաղաղ ակցիան։

Նախ՝ ձերբակալվել էր փաստաբան Շոթա Թութբերիձեն, որի ձեռքին «Իրակղլի» գրառմամբ ցուցապաստառ է եղել: Դրանից հետո ոստիկանությունը շարունակել է քաղաքացիներից խլել բողոքի ցուցապաստառները և ձերբակալել նրանցից մի քանիսին։ Ոստիկանները նաև մի ցուցարարից առանց գրառման թուղթ են խլել։

«Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Մարիկաշվիլին ձերբակալվել է հենց այդ դատարկ թղթի պատճառով։ Ձերբակալվածների թվում են «Բաց հասարակության հիմնադրամ»-ի աշխատակից Սաբա Բրաճվելին, ակտիվիստ Նիկա Ռոմանաձեն, Լաշա Ջանջղավան և այլք։

Ընդհանուր առմամբ, հունիսի 2-ին ոստիկանությունը ձերբակալել է 7 հոգու, նրանք տեղափոխվել են Դուշեթիի և Կախեթիի շրջանների քննչական մեկուսարաններ. այնտեղ պետք է անցկացնեն կալանքի առավելագույն ժամկետը՝ 48 ժամ։