Կանոնավոր ուղիղ չվերթ Ալմաթիից Քութայիսի

Ղազախական FlyArystan ցածր բյուջետային ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Ալմաթիից դեպի Քութայիսի։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի օդանավակայանների միությունը։

Քաղավիացիայի գործակալությունը նշում է, որ Ալմաթին ղազախական հինգերորդ քաղաքն է, որտեղից ուղիղ կանոնավոր չվերթեր են իրականացվում դեպի Քութայիսիի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Ըստ հաղորդագրության՝ Քութայիսիի միջազգային օդանավակայանում Ալմաթիի մեկնարկային չվերթի կապակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որին մասնակցել են ավիաընկերության ներկայացուցիչները, Վրաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղարը և Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Իրակլի Քարքաշաձեն։

Ի դեպ, առաջին չվերթով Ղազախստանից 175 ուղևոր է ժամանել:

Նշենք. բացի Ալմաթիից, ղազախական FlyArystan ավիաընկերությունը ուղիղ կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Քութայիսի մայրաքաղաք Աստանայից, Ատիրաուից, Աքտաուից և Շիմկենտից։ 2022 թվականի դրությամբ ավիաընկերությունը Քութայիսիի միջազգային օդանավակայանում սպասարկել է 135 հազար ուղևորի։