Անհամբեր սպասում ենք նախագահի հետ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների քննարկմանը. Ջեյմս Ապատուրայ

Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Վրաստանի նախագահի` Բրյուսել կատարած այցին ընդառաջ անդրադարձել է ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին: Նա ներկայացրել է, թե ինչ թեմաների շուրջ են  ծրագրում զրուցել Զուրաբիշվիլիի հետ:

«2021թ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին այցը Բրյուսել ու հանդիպումները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի համար իսկապես դրական ուղերձ է Վրաստանի կողմից և մեր հարաբերությունների ամրապնդման մասին է խոսում»,-  ասել է Ապատուրայը «Իմեդի» հեռուստաընկերության հետ էքսկլյուզիվ հարցազրույցում:

«Վրաստանի նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ու հյուսիսատլանտյան խորհրդին: Մենք բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Կքննարկենք տարեկան ազգային ծրագիրը և դրա տարբեր ասպեկտները, հնարավորություն կունենանք խորապես քննարկելու ՆԱՏՕ- Վրաստան հարաբերությունները: Վերջերս վերսկսել ենք ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը, որը շատ գործնական տարրեր է պարունակում և Զուրաբիշվիլիի հետ կքննարկենք դրանց իրականացումը»,- հայտարարել է Ապատուրայը:

Նրա խոսքով՝ գործընկեր երկրի նախագահի հետ նաև կզրուցեն տարածաշրջանային անվտանգության մասին: «Գլխավոր քարտուղարը և ՆԱՏՕ-ի բոլոլր անդամ երկրների դեսպանները Վրաստանին ևս մեկ անգամ կհաստատեն, որ կազմակերպությունն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, շարունակում է չխանաչման քաղաքականությունն ու մշտապես կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը հարգել այլ երկրների ինքնիշխանությունն ու իրականացնել ստանձնած պարտավորությունները: ՆԱՏՕ-ն դատապարտում է օկուպացիան և անեքսիան: Մենք գիտենք, թե ինչ ծանր իրավիճակ է կոնֆլիկտի գոտիներում, շփման գծի տարածքում ու թե ինչ բարդությունների առաջ են կանգնած այնտեղ Վրաստանի քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով»,- ասել է Ապատուրայը: