Անկախ ԶԼՄ-ների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականը չի կատարվում. DRI

Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ (DRI) հասարակական կազմակերպության (ՀԿ) գնահատմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ծրագիրը՝ Եվրահանձնաժողովի 7-րդ հանձնարարականի կատարմանն ընդառաջ, չի համապատասխանում Եվրահանձնաժողովի պահանջներին։

Ի դեպ, Եվրահանձնաժողովի 7-րդ հանձնարարականով` պետությունը պետք է նպաստի անկախ լրատվական միջավայրի ստեղծմանը։ Եվրահանձնաժողովի 7-րդ հանձնարարականը նաև պահանջում է ավելի մեծ ջանք գործադրել՝ ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների գործունեության միջավայրի ապահովման համար:

Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականները կատարելու նպատակով «Վրացական երազանքը» անցյալ ամառ ներկայացրել է իր ծրագիրը, որում նշված է.

«Լրատվական պատշաճ միջավայրի ապահովում, լրագրողների դեմ հանցագործությունների արդյունավետ քննություն և խոցելի խմբերի նկատմամբ իրականացված բռնություններին արդյունավետ արձագանքում։

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը Վրաստանի դատախազության և ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ պետք է ապահովի բոլոր համապատասխան գործերի հետաքննության մասին տեղեկատվության հրապարակայնությունը»:

DRI-ի գնահատմամբ՝ ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող «Վրացական երազանք»-ի ծրագրի հատվածը աչքի է ընկնում «հատուկ անորոշությամբ»: Ըստ DRI-ի՝ այս դեպքում իշխանությունները չեն նշել ծրագրի իրականացման կոնկրետ ժամկետներ, ոչ էլ` կոնկրետ գործողություններ:

«Վրացական երազանքը ոչ մի ջանք չի գործադրել լրատվամիջոցների անկախության հարցում իրավիճակը փոխելու համար։ Ընդհակառակը, 2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշմամբ` Նիկա Գվարամիայի (ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիր- խմբ.) նկատմամբ պատժի խստացումը լրացուցիչ հարցեր առաջացրեց։ Նիկա Գվարամիայի դեպքը հիշատակվում է նաև Եվրախորհրդարանի բանաձևում, որտեղ խստորեն քննադատվում է վրացական իշխանությունների անգործությունը 2021 թվականի հուլիսի 5-ի բռնության առնչությամբ, որից տուժել են լրագրողները»,- նշել է DRI-ը:

DRI-ը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի նշված բանաձևին նախորդել է 2022 թվականի հունիսի 9-ի Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության մասին բանաձևը, որտեղ Վրաստանում լրատվամիջոցների ազատության առումով ներկայիս իրավիճակը չափազանց ծանր է գնահատվում։