Ապատեղեկատվության հետքերով. «Եվրամիության արժեքները չեն համընկնում մեր արժեքների հետ»

«Եվրամիության արժեքները չեն համընկնում մեր արժեքների հետ. եթե մենք դառնանք Եվրամիության անդամ, պետք է օրինականացնե՞ն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ամուսնությունը»։

Վերոնշյալ ապատեղեկատվությունը փորձագետները դասում են առասպելների շարքին։ Սա «ամենահին» հոմոֆոբ առասպելներից է, որը վրացական լրատվամիջոցներում հայտնվել է 1999-2003 թվականներին:

Նարատիվի նպատակը հասարակության մեջ հակաեվրոպական և հակաարևմտյան տրամադրությունների հրահրումն է, որն էլ իր հերթին կվնասի Վրաստանի՝ Եվրոպական ընտանիքին միանալուն ուղղված ջանքերին:

Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է «Մեդիա զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Թամար Կինծուրաշվիլիի հետ:

Որտեղի՞ց է գալիս այս հակաարևմտյան հռետորաբանությունը, ովքե՞ր են նման նարատիվի «ծնողներն» ու տարածողները։

— Այս զգայուն թեմաներով հասարակական կարծիքի մանիպուլացիան կապվում է, այսպես կոչված, ռուսական աշխարհի կոնցեպցիային, որը փորձում է մարդկանց խոցելի դարձնել ինքնությանը վերաբերող թեմաներում: Պնդումը, թե եվրոպական արժեքներն օտար են Վրաստանին, լիովին անհիմն են, քանի որ Եվրոպան հիմնված է բազմամշակութայնության, բազմազանության վրա, և, որ կարևորն է՝ տարբեր ինքնություն ունեցող մարդկանց հանդեպ հարգանքի վրա: Մարդու իրավունքները հիմնված են քրիստոնեական արժեքների վրա. «Մի՛ արա ուրիշին այն, ինչը չես ցանկանա, որ անեն քո նկատմամբ»։ Սա է մարդկանց իրավունքների հիմքը: Մարդիկ իրավունք ունեն չհավանելու մեկը մյուսին, այս իրավունքն էլ է պաշտպանված, բայց ոչ ոք իրավունք չունի տարբերվող մարդկանց ինքնությունը կամ մարդու իրավունքների կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները սահմանափակել Սահմանադրությամբ, լինի դա հավաքների ազատությունը, արտահայտվելու ազատությունը։ Ոչ ոք իրավունք չունի բռնանալու մարդկանց վրա, քանի որ նրանք ունեն տարբերվող մտածելակերպ, տարբերվող ինքնություն, արժեքներ: Հասարակության ուժն իրենց բազմազանության մեջ է. մենք կարող ենք տարբերվել միմյանցից մեր մտածելակերպով, մեր արժեքներով, և դրա համար է կարևոր Եվրոպան, դրա համար է կարևոր ժողովրդավարությունը, որ մենք լիարժեք կարողանանք արտահայտել այս մտածելակերպը, անկախ այն հանգամանքից` միաձայն ենք այդ հարցում, թե՝ ոչ: Եվ այս բազմազանության միջավայրում, ազատության հիման վրա կստեղծվի իրականությունը: Հնարավոր է՝ որոշ հարցերում համաձայնենք, չհամաձայնենք, բայց տարբերվող մարդկանց հանդեպ հարգանքը կլինի գլխավորը:

Ինչ վերաբերում է ամուսնությունների թեմային, ապա, սա ևս ապատեղեկատվություն է, քանի որ Եվրոպայում յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերություններն այս մարդկանց միջև: Նմանատիպ ապատեղեկատվություն է տարածվում նաև կրոնական հարցերում: Տարածվում էր, թե, իբր, Եվրախորհրդարանն արգելում է նորածինների մկրտությունը, ինչը ևս կատարյալ սուտ է. նմանատիպ դիմում Եվրախորհրդարան չի մտել, միաժամանակ Եվրախորհրդարանն ասում է՝ եկեղեցին ինքնավար է, և յուրաքանչյուր կրոնական հաստատություն ինքն է ընտրում՝ ինչ ծիսակատարություն իրականացնի: Պետությունն իրավունք չունի խառնվելու կրոնական հարցերին, և մկրտությունն էլ կրոնական հարց է, այդ առումով միջամտել չեն կարող ոչ Եվրոպան, ոչ Եվրախորհրդարանը, ոչ էլ Վրաստանի կառավարությունը:

Ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է նման հռետորաբանություն տարածվում։

— Քանի որ այս թեմաները շատ անհատական և անձնական են, և որոշակիեն զգայականությամբ է ընկալվում` մեր ուշադրությունը շեղելով կարևոր խնդիրներից: Քանի որ Վրաստանն այսօր ունի տարածքային ամբողջականության խնդիր, մեր տարածքներում են ռուսական տանկերը, ինչը մարտահրավեր է անվտանգությանը: Հաճախ են վախեցնում «պատերազմ, պատերազմ, վտանգ, վտանգ» եզրույթներով, և եթե Ռուսաստանը ցանկանա՝ կարող է հեշտությամբ բևեռացնել Վրաստանը: Որպեսզի մենք չմտածենք վտանգների մասին, չմտածենք երկրի զարգացման մասին, տարածում են ահա այս տեսակ ապատեղեկատվություններ, որոնք մարդկանց շեղում են իրականությունից։ Միասեռ զույգեր կան նաև Ռուսաստանում, այսինքն` օրենքով սա չի արգելվում, և աբսուրդ է, որ օրենքով արգելեն այն, ինչը բնականորեն կա: Բայց սա պրոպագանդայի գործիք է, որ մարդկանց զգայական առումով ավելի խոցելի դարձնեն և նրանց ուշադրությունը շեղեն գոյություն ունեցող խնդիրներից:

Ովքե՞ր են այս հռետորաբանության թիրախում։

— Այս նարատիվների թիրախը խոցելի մարդիկ են, ավելի շատ՝ գերզգայունները, և, ի վերջո` ցանկացած մարդ կարող է լինել: Բայց փոխվել են մեդիայի օգտագործման որոշակի կանոնները: Եթե նախկինում ինչ տպագրվում էր, մարդիկ ընկալում էին որպես անհերքելի իրականություն, ապա այսօր արդեն բոլորը ստեղծում են որոշակի մեդիաբովանդակություն, և եթե մարդն ունի որոշակի տրամադրվածություն որոշ մարդկանց խմբի նկատմամբ, հեշտությամբ հավատում է սենսացիոն վերնագրերով և տեսողական լուրերին, հավատում է այն ամենին, ինչ առաջարկում են և չի ստուգում աղբյուրը, և ոչ էլ ժամանակ է ունենում դրա համար: Սրա համար է, որ կարևորվում է մեդիագրագիտությունը, որպեսզի մեդիան սպառողն էլ գիտակցի իր մասով պատասխանատվությունը: Թիրախում են այն մարդիկ, որոնք քիչ ինֆորմացիա ունեն այն վտանգների մասին, որոնք գալիս են սոցիալական մեդիաներից։ Մարդիկ կան, որ միտումնավոր են տարածում նման տեղեկությունը, և այս պարագայում գործ ենք ունենում ապատեղեկատվության հետ։ Կան ակամա տարածողներ, որոնք այս հայացքները հաշվի առնելով են տարածում, բայց չեն գիտակցում, որ տարածում են ապատեղեկատվություն: Դրա համար կարևոր է մեդիայի դերը, որպեսզի կարողանանք այս մարդկանց ապահովել հավաստի տեղեկատվությամբ:

Ի՞նչ գործիքներ են օգտագործում այդ հռետորաբանությունը բնակչության շրջանում տարածելու համար։

— Տարբեր գործիքներ են կիրառվում։ Դրանցից մեկը սոցիալական մեդիան է, և լավ կենտրոնացած, մոբիլիզացված խմբեր են գործում, որոնք նույն բովանդակությամբ մտքերը կոորդինացված կերպով տարածում են: Բնական է, կան ակամա տարածողներ, որոնք չեն գիտակցում, թե ինչ են տարածում, բայց կան նաև մարդիկ, որոնք ապատեղեկատվություն տարածելու համար աշխատավարձ են ստանում և նպատակաուղղված են գործում, որպեսզի հասարակության մեջ կոնֆլիկտներ հրահրեն: Հատկապես սա վտանգավոր է Վրաստանի պարագայում, քանի որ Վրաստանն էթնիկ բազմազանությամբ երկիր է, և մենք հաճախ ենք տեսնում  այլ կերպ ներկայացված տեղեկություն. օրինակ՝ տարածում են, թե Սամցխե-Ջավախեթին կառանձնանա Վրաստանից, եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, և օգտագործում են, օրինակ՝ ցեղասպանության հետ առնչվող լուսանկար: Եթե անձը կարդում է վերնագիրը և չի ստուգում այդ լուսանկարը, կհավատա և կհայտնի արդարացի բողոք, քանի որ պահպանված չէ որոշ էթնիկ խմբերի իրավունքները, և կստեղծվի կոնֆլիկտ էթնիկ հայերի և էթնիկ վրացիների միջև, որն էլ անվտանգային խնդիր է: Սրանք նպատակաուղղված են անում, ցանկանում են մարդկանց միմյանց դեմ հանել, դրա համար բոլորս պետք է գիտակցենք վնասը, որ հասցնում են ապատեղեկատվություն տարածող այս խմբերը: Մի բան է, երբ լրագրողը ոչ պրոֆեսիոնալ լինելով` սխալ է թույլ տալիս, ինչը ևս արդարացում չունի, մեկ այլ բան է՝ երբ ինչ-ինչ խմբեր առցանց հարթակում ստեղծում են տրամադրություն, որն ապագայում կարող է ստեղծել կոնֆլիկտ էթնիկ, կրոնական կամ այլ հողի վրա: Դրա համար միշտ պետք է զգոն լինենք և դիմակայենք այս վնասակար լուրերին: 

Միշտ չէ, որ այս կարգի ապատեղեկատվությունների աղբյուրը ռուսական մեդիան է: «Սպուտնիկը», իհարկե, ակնհայտ ապատեղեկատվություն չի տարածի: Ապատեղեկատվություն է տարածվում՝ օգտագործելով վրացական կամ այլ լեզուներով էջերը, հաճախ օգրագործում են հայտնի արևմտյան մեդիաների բրենդները. օրինակ՝ հայտնաբերել էինք CNN-ի ռուսալեզու տարբերակը, որի IP հասցեն Պետերբուրգում էր նշված։ Դա, բնականաբար, CNN-ին չէր պատկանում, քանի որ վերջինս չունի ռուսալեզու ծառայություն, կամ` BBC-ի կլոնավորված էջ կարող է լինել: Այս պատճառով միշտ պետք է ուշադրություն դարձնենք կայքերի աղբյուրներին և համեմատենք՝ այս մեդիաներն արդյո՞ք հրապարակել են նմանօրինակ տեղեկություն իրենց իրական էջերում: 

Ի՞նչ վատ ազդեցություն է թողել արդեն իսկ բնակչության վրա։

— Մեծամասամբ` վախի զգացում առաջացնելն է: Երբ մարդուն անընդհատ ասում ես՝ պատերազմ կլինի, կամ ասում ես՝ պատվաստանյութն ինչ-որ վատ բան կառաջացնի, կամ թե` Լուգարի լաբորատորիան արհեստական վարակ է տարածում, և սրանք անընդհատ կրկնում ես՝ չմատուցելով այլընտրանքային տեղեկություն, մարդը սկսում է հավատալ: Ես կարղում եմ, որ վախերի ինստրումենտալացումն է ամենախնդրահարույցը, և Վրաստանի պարագայում խնդիր է, որ Վրաստանի կառավարությունը նույնպես օգրագործում է պատերազմի վերաբերյալ այս վախերը, որպեսզի հասարակական կարծիքը կարողանա մանիպուլացնել: 

Ինչպե՞ս խուսափել նման հռետորաբանության «զոհ» դառնալուց։

— Տրամաբանելով նայենք իրողություններին, ստուգենք փաստերը. եթե ժամանակ չունենք ստուգելու համար, ապա չտարածենք դրանք, որպեսզի մյուս մարդկանց ևս սխալմունքի մեջ չգցենք: Հաճախ հավատում ենք մեր բարեկամներին, բայց նրանք ևս կարող են կեղծ լուր տարածել։ Եվ եթե մենք տարածում ենք նրա ասածն առանց ստուգելու, սա ևս սխալ է: Պետք է գիտակցենք պատասխանատվության մեր բաժինն այս գործընթացում: Մի կողմից պետք է պաշտպանենք բազմակարծությունը, քանի որ սոցիալական մեդիան հնարավորություն է տալիս բազմակարծության միջավայր ստեղծել, մյուս կողմից՝ գիտակցենք, որ բազմակարծությունը պատասխանատվություն է ենթադրում և ձեռնպահ մնանք վնասակար դերակատարումից, որպեսզի պաշտպանված լինի մեր երկրի անվտանգությունը: Քանի որ, տեղեկատվությունն ու կրոնը որպես զենք օգտագործելը կարող է սպառնալ երկրի անվտանգությանը:

Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին:

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of EU4IM’s beneficiary Aliq Media Georgia and do not necessarily reflect the views of the European Union.