Առաջին դասարանցիների գրանցման ժամկետը փոփոխվել է

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) փոխանցմամբ՝ փոփոխվել են 2023-2024 ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների գրանցման և դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները։

Ըստ ԿԳՆ-ի՝ 2023-2024 ուսումնական տարում առաջին դասարան պետք է լրացուցիչ ընդգրկվեն այն երեխաները, ովքեր սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կդառնան 6 տարեկան։

Վրաստանի կրթության և գիտության նախարարի 2023 թվականի մայիսի 15-ի թիվ 543304 հրամանի համաձայն, առաջին դասարանցիների գրանցման և դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները սահմանվել են հետևյալ կերպ.

  • ներկայիս ընթացող II փուլը երկարաձգվել է: Երկրորդ փուլի գրանցումը հնարավոր կլինի մինչև 2023 թվականի մայիսի 19-ը,
  • 2023 թվականի մայիսի 22-23-ը լրացուցիչ գրանցում կիրականացվի կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, ովքեր չեն կարողացել հաշվառվել դպրոցներում գրանցման առաջին փուլի համար ի սկզբանե սահմանված ժամկետներում: Առաջին փուլում գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման և գրանցման ժամկետն է 2023 թվականի մայիսի 24-ից հունիսի 2-ը,
  • III փուլը՝ այսինքն համընդհանուր գրանցումը կմեկնարկի հունիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 23-ը,
  • IV փուլը կմեկնարկի հուլիսի 17-ից և կշարունակվի մինչև հուլիսի 28-ը: