Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որը խստացնում է սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկե արտադրանքի կարգավորումները և նոր պատժամիջոցներ ավելացնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Օրինագծի պարզաբանման մեջ նշված է, որ գործող պատժամիջոցները հաճախ չեն կարողանում ապահովել իրավախախտումների կանխարգելումը և չունեն բավարար զսպող ազդեցություն, և ներկայացված փոփոխությունները ծառայում են բնապահպանական վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը։
Օրենսդրական փաթեթի շրջանակներում օրենսգրքում ավելացվել է նոր՝ 82-րդ հոդվածը, որը վերաբերում է Վրաստանի կառավարության որոշմամբ արգելված պլաստիկե արտադրանքի արտադրությանը, ներմուծմանն ու շուկայում տեղադրմանը (վաճառքին):
Մասնավորապես, սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկե արտադրանքի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը կհանգեցնի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց 1000 լարիով տուգանման և արտադրանքի բռնագրավման։
Կրկնակի խախտման դեպքում տուգանքը կհասնի 2000 լարիի, և դարձյալ նախատեսված կլինի արտադրանքի բռնագրավում։
Պարզաբանման մեջ նշված է, որ նման արտադրանքը զգալի սպառնալիք է ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու առողջության համար, ինչի պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել խստացնել կարգավորումների կատարման մեխանիզմները։
Պլաստիկի կրճատման վերաբերյալ կարգավորումների մի փուլն արդեն ուժի մեջ է մտել։ Մասնավորապես, հունվարի 1-ից արգելվել է պլաստիկե մեկանգամյա օգտագործման արտադրանքի արտադրությունը (եթե նախատեսված չէ արտահանման համար), ներմուծումն ու շուկայում տեղադրումը։ Հանրային սննդի օբյեկտներին արգելվել է պատրաստի սնունդը սպառողներին մատուցել պլաստիկե մեկանգամյա օգտագործման կոնտեյներներով և բաժակներով։
Սակայն, որոշմամբ նախատեսված է որոշակի անցումային շրջան, ըստ որի` ուժի մեջ մտնելուց հետո արգելված արտադրանքի օգտագործումը դեռևս թույլատրելի է։ Մասնավորապես, պլաստիկե պատառաքաղները, դանակները, գդալները, փայտիկները, ափսեները, ծղոտները (սատրուպներ), ըմպելիքները խառնելու փայտիկները, փրփրապլաստից (ընդլայնված պոլիստիրոլ) պատրաստված սննդի կոնտեյներներն ու դրանց կափարիչները, նաև փրփրապլաստե բաժակներն ու դրանց կափարիչները, որոնք շուկայում հայտնվել են մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը, թույլատրվում է վաճառել որոշման ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում։
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել նաև հաջորդ կարգավորումը, որի համաձայն՝ Վրաստանում պետական գերատեսչությունների մեծ մասին օրենքով արգելվել է գնել պլաստիկե բաժակներ, կոնտեյներներ և մինչև 3 լիտր տարողությամբ շշեր։
Իսկ հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին կարգելվի սպառողին մատուցել պլաստիկե նյութով/տարայով փաթեթավորված կամ դրանց մեջ տեղադրված սնունդ։