Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են․ Վաշաձե

Միավորված ընդդիմության աջակցությունը վայելող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Քութայիսիում ընտրողների հետ հանդիպմանը հստակեցրել է նախագահ ընտրվելու դեպքում իր առաջին անելիքները։

«Առաջինը, որ պետք է իրականություն դարձնենք, դա Վրաստանի սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Դա անխուսափելի է»,-ասել է նա՝ խոսելով մշակված գործողությունների ծրագրի մասին, որը հաղթանակից հետո աստիճանաբար կներկայացնի քաղաքացիներին:

«Պետք է փոխել քաղաքական համակարգը։ Ի չիք կդարձնենք միակուսակցական և միանձնյա այս համակարգը՝ ասպարեզ բերելով ազգային նորը, որը հիմնված է ավանդույթների և արևմտյան արժեքների վրա: Մենք պետք է ստեղծենք բազմակուսակցական համակարգ, արհեստավարժ աշխատակազմով կառավարություն: Կձեռնարկենք բոլոր քայլերը՝ երկրում լիակատար ժողովրդավարություն հաստատելու համար», — ասել է Վաշաձեն:

Նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև դատական համակարգի, իրավապահ մարմինների բարեփոխումներին, ինչպես նաև դատախազության և աուդիտի ծառայության ղեկավարի ընտրության հարցին: