Ասոցացված տրիոն ստորագրել է Բաթումիի համաժողովի հռչակագիրը

Արևելյան գործընկերության երեք գործընկերների ՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահները հուլիսի 19-ին ստորագրել են Բաթումիի համաժողովի հռչակագիրը:

Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի, հռչակագրում նշվում է, որ երեք երկրները նպատակ ունեն անդամակցել Եվրամիությանը.

«Եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունի մեր երկրների համար, և ոչ մի երրորդ կողմ չի կարող ազդել այս ինքնիշխան ընտրության վրա: Մենք արդեն իսկ զգալի առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում:

Մեզ աջակցում է մեր ժողովուրդների եվրոպական ընտանիքի մաս դառնալու մեծ ցանկությունը, և միասին աշխատում ենք՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարի ճանաչման համար, որը ճանապարհ կբացի մեր երեք երկրների՝ ԵՄ-ում ապագա անդամակցության համար»։

Հուլիսի 19-ին Բաթումիում բացվեց միջազգային համաժողով, որին մասնակցել են  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մարիա Սանդուն, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը: Համաժողովի թեման Եվրամիության երեք ասոցացված գործընկերների` Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև ընդլայնված համագործակցությունն է: