Աուտիզմի համալիր կենտրոն կբացվի. Բախտաձե

«Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրը կլինի, որն աուտիզմի համալիր կենտրոն կկառուցի», — այս մասին «Աուտիզմի ազգային կենտրոնի» շինարարության նախագծի շնորհանդեսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարի խոսքերով, խորհրդանշական է, որ ապրիլի 2-ին՝ Աուտիզմի համաշխարհային օրը, Վրաստանում սկսել են ազգային կենտրոնի շինարարական աշխատանքները: Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերջին տասնամյակների ընթացքում աուտիզմով հիվանդ դեռահասների զարգացման ծրագրերի ներդրմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որոնք ակտիվորեն ներգրավված են այս ազգային գործին: Կցանկանայի այլ ընկերություններին և վրացի գործարարներին կոչ անել, որպեսզի ավելի շատ աշխատանքներ կատարեն այդ ուղղությամբ», — ասել է Բախտաձեն:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև Թբիլիսիի քաղաքապետարանին` «տարիների ընթացքում ծրագրին աջակցելու համար»:

Մամուկա Բախտաձեն մասնակցեց նախագծի շնորհանդեսին կառավարության անդամների և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: