Bank of Georgia-ն բանակցում է Ամերիաբանկը ձեռք բերելու նպատակով

«Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) բանակցություններ է վարում հայկական «Ամերիաբանկը» ձեռք բերելու ուղղությամբ։ «Վրաստանի բանկ»-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Վրաստանի բանկ»-ն այս պահին քննարկումներ է անցկացնում «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի հետ։

«Ենթադրվում է, որ տվյալ գործարքը կֆինանսավորվի Bank of Georgia Group PLC–ի ավելցուկային կապիտալով՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության», — նշված է հայտարարության մեջ:

«Վրաստանի բանկ»-ի փոխանցմամբ՝ դա կլինի առաջին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի կանոնների. ընկերությունը, ըստ անհրաժեշտության՝ բաժնետերերին կտեղեկացնի ձեռք բերելու հետ կապված առաջընթացի մասին:

Ի դեպ, «Վրաստանի բանկ»-ի ամենամեծ բաժնետերը Georgia Capital–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են ներդրումային այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard-ը և այլն:

Հայաստանյան 168.am լրատվականի փոխանցմամբ՝ այժմ «Ամերիաբանկ»-ի բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82 տոկոսը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71  տոկոս), Ասիական զարգացման բանկը (13,91 տոկոս), ինչպես նաև ESPS Group–ը, որում ընդգրկված են Ameria Group-ի մի շարք մենեջերներ (12,05 տոկոս): 2023 թվականի տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկ»–ի ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին դիրքերը զիջել է «Արդշինբանկ»–ին: