Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդը հանդիպել է քաղաքապետին

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վ. Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիկովանիի հետ: Այս տեղեկությունը տարածել է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և հատկապես տեղական իշխանությունների մակարդակով կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին, որին Բաթումիի քաղաքապետը արձագանքել է լիակատար փոխըմբռնմամբ և նշյալ հարցերը ուշադրության կենտրոնում պահելու պատրաստակամությամբ:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրներում իրականացվող գործարար և ներդրումային ծրագրերին հնարավոր մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում համագործակցության կատարելագործման հարցերը:

Քննարկվել են Բաթումիի և բարեկամացած քաղաք Վանաձորի միջև գործակցության հեռանկարները:

Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հաջորդ տարվա ընթացքում այցելել Վանաձոր: Նաև առաջարկել է մյուս տարի կազմակերպել հայ-վրացական բիզնես ֆորում՝ Բաթումիի ներդրումային և զբոսաշրջային շահավետ կողմերի ներկայացման և հայ գործընկերների հետ այդ ոլորտներում համագործակցության հետագա խորացման նպատակով: Կողմերը անդրադարձել են բաթումահայ համայնքի դրական դերակատարությանը երկկողմ հարաբերություններում: