Բաթումիում շենքի փլուզման գործով ձերբակալվածներն ազատազրկվել են

Բաթումիի քաղաքային դատարանի այսօրվա՝ հուլիսի 5-ի որոշմամբ, Բաթումի քաղաքի բազմահարկ շենքի փլուզման գործով ձերբակալված երեք տղամարդիկ դատապարտվել են ազատազրկման:

Բաթումիի Մայիսի 26-ի փողոցում գտնվող ութհարկանի շենքի մուտքի փլուզման գործով ձերբակալվածների թվում էին առաջին հարկի վերանորոգվող բնակարանի սեփականատեր Զաուր Բուդաղովը՝ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, և վերանորոգման աշխատանք կատարող Հուսեյն և Գիորգի Սուրմանիձեները՝ դատապարտվել են երեք տարի ազատազրկման:

Հիշեցնենք. 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Բաթումիում բազմահարկ շենքի մեկ մուտքն ամբողջությամբ ավերվել էր։ Փրկարարները գրեթե 24 ժամ փորձել են վիրավորներին տարհանել: Դեպքի հետևանքով փրկվել է մեկ, մահացել՝ ինը մարդ, նրանց թվում՝ 3 երեխա։

Նախաքննությունն սկսվել էր Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար։ Ազատազրկման դատապարտված երեք տղամարդիկ ձերբակալվել են հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին։