Բախտաձեն կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Մյունխենում կլինի փետրվարի 15-17-ին։

Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Բախտաձեն անվտանգության թեմայով մի քանի ելույթ կունենա։ Այցի շրջանակներում վարչապետը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ ևս կունենա, այդ թվում ֆորումին մասնակցող այլ պատվիրակությունների իր գործընկերների հետ։

Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Մյունխեն են մեկնում նաև Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի նույն հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ երկրների բարձրաստիճան ղեկավարների, դիվանագետների ու անվտանգության ոլորտի փորձագետների։ Այս տարի Մյունխենի գիտաժողովին 35 երկրի կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն։