Ցույց Թբիլիսիում՝ հանուն Արցախի

Լուսանկարները՝ «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի

Հունվարի 27-ին և 28-ին «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ ի թիվս Եվրոպական 55 քաղաքների, Թբիլիսիում ևս կայացավ հանրահավաք։ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ երեկ՝ հունվարի 28-ին, վիրահայերը հավաքվել էին Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։

Ցույցի մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները, որոնք նաև նշված էին պաստառներին։ Ցույցին մասնակցող ուսանողները կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը փոխանցվել է Եվրամիության ներկայացուցչությանը։

Հանրահավաքի ընթացքում նաև ընթերցվեց Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին, որը ինչպես նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, ապացույցն է այն բանի, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել և պայքարը շարունակվում է։

Ակցիային զուգահեռ, նույն տարածքում, տեղի է ունեցել նաև այլ ցույց՝ հաջակցություն Ադրբեջանի։

ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը նշում է․ «Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց մեր անցկացրած ցույցին զուգահեռ կայացավ ևս մեկ ցույց` Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ։ Իմ տեղեկություններով այդտեղ գտնվող քաղաքացիներին նախապես կազմակերպված բերել էին ցույցի վայր»։