Դադարել է Կարակում անապատից սփռվող փոշու կուտակումը Վրաստանում

Վրաստանի օդն արդեն սկսել է մաքրվել` երկրորդ օրն է չի աղտոտվում Կենտրոնական Ասիայի Կարակումի անապատից սփռվող փոշուց։ Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության շրջակա միջավայրի աղտոտման բաժնի պետ Մարինա Արաբիձեն։

«Մի քանի օր շարունակ բնակչությունն անզեն աչքով կարող էր նկատել, որ օդում պինդ մասնիկների պարունակությունն ավելացել է։

Փոշու տարածման գործընթացն ավարտվել է երեկ, և օդում աղտոտումը նախորդ օրերի համեմատ զգալիորեն նվազել է։ Մի քանի օր կպահանջվի, որպեսզի օդը մաքրվի։ Օդի ամբողջական մաքրումը կախված է օդերևութաբանական պայմաններից», — ասել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության օդի աղտոտվածության բաժնի պետը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հունվարի 18-ի հաղորդագրության համաձայն՝ օդում արձանագրվել է պինդ մասնիկների (PM10, PM2.5) աճ, որը առաջացել է Կարակում անապատից (Կենտրոնական Ասիա) փոշու զանգվածների տարածմամբ։