Դավիթ Գարեջիի գործի ետևում ավելին է, քան առաջին հայացքից թվում է. Կոբախիձե

Ըստ իշխող` «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեի`  Դավիթ Գարեջիի գործը քաղաքականացնելը ցույց է տալիս, որ միգուցե «այս գործի ետևում կա ավելին, քան երևում է առաջին հայացքից»:

Հարցին, թե ինչ դրդապատճառներ կարող են ունենալ ձերբակալվածները, Կոբախիձեն ասում է, որ դա կարող է լինել նաև անձնական շահ.

«Գործի այս կասկածելի քաղաքականացումն, իհարկե, վկայում է այն մասին, որ թերևս դրա ետեւում կա ավելին, քան երևում է առաջին հայացքից: Ի՞նչ դրդապատճառներ ուներ «Ազգային շարժումը» Հարավային Օսիայի սահմանները գծագրելիս, ինչը նպաստեց Ռուսաստանի Դաշնության օկուպացիային և բորդերիզացիային, որը շարունակվում է մինչ օրս։ Ի՞նչ դրդապատճառ էր այդ ժամանակ. հավանաբար, նույն դրդապատճառը հիմա է: Սա ցույց է տալիս, որ նրանք չեն սիրում իրենց երկիրը. ես այլ դրդապատճառ չեմ տեսնում, և միգուցե նաև անձնական շահ կա»,- ընդգծել է Կոբախիձեն:

Իշխող թիմի ներկայացուցիչը վստահ է` Դավիթ-Գարեջիի հետ կապված ենթադրյալ հանցագործությունը «չէր կարող կատարվել ցածր մակարդակում»:

Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական ​​սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող`  Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը  լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:

Թեման մանրամասն`

Դավիթ Գարեջի. Ի՞նչ է կատարվում Վրաստանի և Ադրբեջանի միջև այս օրերին