Դավիթ Զալկալիանին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումին մասնակցության բարձր մակարդակի համար: Կողմերը դրական են գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների դինամիկան:

Եվս մեկ անգամ դրական է գնահատվել Վրաստանի վարչապետի այցը Հայաստանի Հանրապետություն, ինչը, կողմերի կարծիքով, շատ առումներով լրացուցիչ խթան կհաղորդի Վրաստան-Հայաստան հարաբերություններին:

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերի հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ակտիվորեն համագործակցել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: