Ձեթի գինը տատանվում է 4,5-6 լարիի սահմաններում

Վրաստանում «Բարաքա» տեսակի ձեթ ներկրող «Ալֆա» ընկերության տնօրեն Իրակլի Ցիխիսթավին հայտնել է, որ վերջին ամսում ձեթի գինը նվազել է 10-15 տոկոսով: Նրա խոսքով, ներկայում ձեթի գինը տատանվում է 4,5-ից 6 լարիի սահմաններում:

Հարկ է նշել, որ ընկերությունն արևածաղկի ձեթի հիմնական մասը ներկրում է Ռուսաստանից։ Խոսելով գնի նվազման պատճառների մասին՝ Ցիխիսթավին նշել է, որ պատճառը Ռուսաստանում ռուբլու արժեզրկումն է։

«Ակնհայտ է, որ այլ պատճառներ ևս կարող են լինել, բայց հիմնականն այս փուլում Ռուսաստանում ռուբլու արժեզրկումն է, որն իր ազդեցությունը կունենա նաև ապագայում»,- նշել է Ցիխիսթավին։

Ի դեպ, 2022 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին Վրաստանը գնել է 23,125 տոննա արևածաղկի ձեթ՝ 40,2 մլն դոլար արժողությամբ, որից Ռուսաստանից ներկրված ձեթի բաժինը կազմել է 19,937 տոննա՝ 34,2 մլն դոլար։

Նշենք, որ միջազգային արժույթի բորսայում ռուսական ռուբլու արժեզրկման կտրուկ միտումը շարունակվում է նաև 2023 թվականին, հունվարի առաջին կեսի մեկշաբաթյա ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության ազգային արժույթի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ լրացուցիչ նվազել է 4 տոկոսով: Մեկ ամսում ռուբլու արժեզրկման ցուցանիշը կազմում է 15 տոկոս: