Ընդդիմությունը չի մասնակցի իմփիչմենթի հարցով քննարկումներին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհուրդը որոշել է չմասնակցել երկրի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթացին, հայտնել է խմբակցության նախագահ Թինա Բոկուչավան։

«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը դահլիճում չի լինի, երբ Իվանիշվիլին օրակարգ կբերի իմփիչմենթ կոչվող գործընթացը, որն իրականում ուղղված է Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակի հարցը ձախողելուն։ Սա մեր հստակ որոշումն է, որն այսօր հերթական անգամ հավանության է արժանացել քաղխորհրդի կողմից»,- ասել է Բոկուչավան։

Միևնույն ժամանակ, խմբակցության փոխնախագահ Լևան Բեժաշվիլին ընդդիմադիր գործընկերներին կոչ է արել նախագահի իմփիչմենթի հարցի քննարկման ժամանակ չմտնել խորհրդարանի նիստերի դահլիճ՝ շահարկումներից խուսափելու համար։

Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» երկրի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլիին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել, պատճառը առանց կառավարության համաձայնության նախագահի եվրոպական այցելություններն են։