Ընդգծվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաևի հետ, հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համար առաջնահերթություն հանդիսացող Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության ուղղությունները: Արտահայտվել է առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն:

Զրույցին անդրադարձել են տնտեսության ոլորտում համագործակցությանը։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը և Ադրբեջանը հուսալի տարանցիկ գործընկերներ են, և համատեղ տրանսպորտային միջանցքը հնարավորություն է տալիս մուտք գործել հուսալի բաշխման ուղիներ և համաշխարհային շուկաներ։

«Ընդգծվել է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային նախագծերի լիարժեք շահագործման և Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: