Օմբուդմենն այցելել է կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին

Լուսանկարը՝ Mtavari arkhi-ի

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով այցելել է «Վիվամեդ» կլինիկա:

Հանրային պաշտպանը նշել է, որ ինքը կփորձի զրուցել բուժանձնակազմի, Սաակաշվիլիի անձնական բժշկի և անձամբ Սաակաշվիլիի հետ, եթե դրա ցանկությունն ու ֆիզիկական հնարավորություններն ունենա։

«Ես վաղուց անձամբ չեմ տեսել Միխեիլ Սաակաշվիլիին: Վերջին անգամ նրան տեսել եմ Գորիի հիվանդանոցում, թեև իմ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են նրան։ Մենք սպասում ենք Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին փորձագիտական եզրակացությանը։ Քանի որ վերջին շրջանում խիստ մտահոգիչ գնահատականներ են հնչում նրա առողջական վիճակի  վերաբերյալ, որոշեցի գալ և անձամբ ծանոթանալ իրավիճակին»,- ասել է Լոմջարիան:

Հարկ է նշել, որ Սաակաշվիլիի ընտանիքը և փաստաբանները նշում են, որ երրորդ նախագահի առողջական վիճակը գնալով վատանում է։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե ուշադիր հետևում է Սաակաշվիլիի առողջությանը, նաև ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։

Այսօր «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն է:

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Սաակաշվիլիին հնարավոր ներում շնորհելու վերաբերյալ։

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Սաակաշվիլիի նկատմամբ բանտում վերաբերմունքի հարցը պետք է որոշվի ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ միայն հաշվի առնելով քաղաքացու կյանքի և առողջության պահպանման չափանիշները:

Սաակաշվիլիի թունավորումը շահարկման առի՞թ, թե՞ իշխանությունների մեղքի վկայություն. կարծիքներ