ENEMO-ն կոչ է արել անհապաղ վերացնել ՀԿ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումները

Ըստ «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO)` «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության» (ISFED) և մի շարք այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցումը լուրջ փորձություն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ անկախ դիտորդների օրինական աշխատանքը խոչընդոտելու առումով։

ENEMO-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին անհապաղ վերացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ կիրառված սահմանափակող միջոցները։

«Նման միջոցները սպառնում են ընտրական գործընթացի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը և խաթարում են հանրային վստահությունը Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ։
ISFED-ը տասնամյակներ շարունակ կարևոր դեր է խաղացել ազատ և արդար ընտրությունների ապահովման գործում՝ մասնագիտական, անաչառ և անկախ մոնիտորինգի միջոցով։ ISFED-ի և այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ բռնաճնշումային միջոցներով հարձակումը ոչ միայն խաթարում է նրանց աշխատանքը, այլև հակասում է Վրաստանի սահմանադրական երաշխիքներին և միջազգային պարտավորություններին՝ պաշտպանելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ միավորվելու ազատությունը», — ասված է հայտարարության մեջ։

ENEMO-ն պարզաբանել է, որ հավաստի ընտրություններ չեն կարող անցկացվել առանց անաչառ քաղաքացիական դիտորդների, որոնք ապահովում են հաշվետվողականությունը, հաղորդում խախտումների մասին և ամրապնդում հանրային վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ։

Կազմակերպությունը նաև կոչ է արել Վրաստանի իշխանություններին զերծ մնալ ցանկացած լրացուցիչ գործողությունից, որը կարող է խոչընդոտել նրանց օրինական գործունեությանը։