Էթնիկ փոքրամասնությունների համակարգող խորհրդի հանդիպում՝ Թբիլիսիի սակրեբուլոյում

Թբիլիսիի սակրեբուլոյում էթնիկ փոքրամասնությունների համակարգող խորհրդի շրջանակներում կայացել է ճանաչողական հանդիպում մայրաքաղաքի շրջանների ղեկավարների հետ։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի սակրեբուլոն։ 

Ըստ տեղեկության՝ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Նինո Ռուխաձեն, Էթնիկ փոքրամասնությունների համակարգող խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվիլին, Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ և այլոք։ 

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Նինո Ռուխաձեն ողջունել է տարբեր համայնքների ներկայացուցիչներին ու շնորհակալություն հայտնել հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուխաձեի խոսքով՝ հանդիպումը զգալիորեն կօգնի Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչներին քննարկել և լուծել իրենց համայնքների առջև ծառացած խնդիրները։ 

«Այս հանդիպման հիմնական նպատակն է ուղիղ կապ հաստատել համայնքների ներկայացուցիչների, վարչությունների միջև և քննարկել այն մարտահրավերները, որոնք հուզում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին», — ասել է Ռուխաձեն։

Նշվում է, որ հանդիպմանը ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Վալենտինա Մարջանիշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և վրաց ժողովրդին այն օգնության համար, որ Վրաստանը տրամադրում է Ուկրաինային։  

«Նահանգապետերը համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել են խորհուրդների և քաղաքապետարանի կողմից ուկրաինացի փախստականներին իրենց իրավասության շրջանակներում աջակցելու նպատակով իրականացվող ծրագրերն ու անելիքները։

Հանդիպմանը տարբեր համայնքների ներկայացուցիչներ և մարզպետներ խոսել են ապագայում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի մասին», — ասված է սակրեբուլոյի տարածած հաղորդագրության մեջ։