Ուժգին քամին վնասներ է հասցրել Գորիում. տարեց կինը վնասվածքներ է ստացել

Ուժգին քամու պատճառով Գորիի շրջանի 4-րդ հանրակրթական դպրոցի մարզադահլիճի և գործարանի հարակից բնակավայրի տարածքում գտնվող երեք բնակելի շենքերի տանիքը վնասվել է։ Տեղեկությունը տարածում են Գորիի մունիցիպալիտետից։ 

Գորիի մունիցիպալիտետի ղեկավար Վլադիմիր Խինչեգաշվիլին այցելել է եղանակային վատ պայմանների պատճառով վնասված բնակելի շենքերի տարածք:

Ըստ տեղեկության՝ մոբիլիզացվել են Գորիի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների ծառայությունը և համապատասխան բոլոր գերատեսչությունները։  

«Մենք հնարավորինս օգնելու ենք տուժած բնակչությանը։ Կորուստները հաշվարկվելու և ուսումնասիրվելու են աշխատանքային խմբի կողմից։ Դեպքի վայրերն արդեն ստուգվել են, բոլոր համապատասխան գերատեսչությունները մոբիլիզացվել են»,- ասել է Խինչեգաշվիլին` նշելով նաև, որ տանը տեղի ունեցած դեպքի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել մի 82-ամյա կին, որի առողջական վիճակը կայուն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Տեղեկացնենք նաև, որ Գորիի որոշ շրջաններում առատ տեղումների հետ ուղեկցվող ուժեղ քամու պատճառով դադարեցվել է նաև էլեկտրամատակարարումը։ 

Գորիի շրջանում ապրիլի 12-13-ը ողջ օրվա ընթացքում կշարունակվի ուժեղ քամին, որը կուղեկցվի ամպամածությամբ, պարբերաբար տեղումներով։ 

Հիշեցնենք՝ ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել նաև Բաթումիում. ծառեր են ընկել, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, մեքենաներ: