Գախարիան բնակչությանը կոչ է անում Նոր Տարին նշել ավելի համեստ՝ ընտանեկան միջավայրում

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստից առաջ խոսել է առաջիկա տոների մասին և նշել, որ այս տարի նոր տարին պետք է նշել այլ կերպ, ավելի համեստ և ընտանեկան միջավայրում:

Նա բնակչությանը կոչ է անում, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, տոնական օրերին խուսափեն մեծ հավաքներից: Նրա խոսքով՝ երկրում առաջիկա տնտեսական վերականգնման համար մեծ կարևորություն կունենա նաև այն, թե ինչպես կանցնեն տոնական օրերը:

«Մեր հիմնական խնդիրը մեր տարեցների մասին հոգ տանելն է և այս պատասխանատվությամբ պետք է գործեն ինչպես պետությունը, այնպես էլ քաղաքացիները, ընկերություններն ու բիզնեսները՝ առաջին հերթին ամանորյա տոնական օրերին: Բոլորս պետք է հասկանանք, որ այս տարի մի փոքր այլ կերպ, ավելի համեստ և ընտանեկան միջավայրում պետք է դիմավորենք Նոր Տարին: Պետք է հասկանանք, որ այս տարին առանձնահատուկ տարի է և մարտահրավերներով լի»,- հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նույնպես բնակչությանը կոչ էր արել այս տարվա ամանորյա տոնակատարություններին այլ կերպ վերաբերվել:

Գամկղրելիձեն կոչ է անում Նոր Տարին այլ կերպ նշել