Գախարիան և Էրդողանը քննարկել են առևտրի և անվտանգության հարցեր

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրավերով՝ պաշտոնական այցով Ստամբուլում է։

Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցությունը և դրանց դերը Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում։ Հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Գախարիան ասել է, որ Վրաստանին Թուրքիայի հետ կապում են «սերտ, եղբայրական հարաբերությունները» և «ռազմավարական գործընկերությունը». «Ուզում եմ վստահեցնել, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի խորացնի ռազմավարական գործընկերությունը և անցնի նոր՝ առավել արդյունավետ փուլի։ Մենք լավ ենք հասկանում և գնահատում Թուրքիայի դերը՝ Սև ծովի, նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համատեքստում»։ Գախարիան շնորհակալ է Թուրքիայից՝ «Վերջին տասնամյակներում Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը ճանաչելու համար»։

Գախարիան ասել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիան Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, բայց «բավարար չէ». «Առաջիկայում մենք կկրկնապատկենք մեր առևտրաշրջանառությունը», — հավելել է վարչապետը։

Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է 2018-ին։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալով՝ Վրաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը կազմել է  233,5 միլիոն դոլար (2017-ին՝ 216,7 դոլար), ներմուծումը՝ 1,5 միլիարդ դոլար (2017-ին՝ 1,4 միլիարդ)։

Էրդողանն իր հերթին ասել է, որ այսօրվա հանդիպմանը երկրի առաջնորդները  վերահաստատեցին առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի հասցնելու պատրաստակամությունը։ Նա նաև ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը «պատմական նշանակության քայլ է, որն իրենից ներկայացնում է երեք բարեկամ երկրի միավորման նոր միջոց»։

Հիշեցնենք՝ վարչապետ Գախարիան Ադրբեջանում եղել է հոկտեմբերի 9-ին, հոկտեմբերի 15-ին՝ Հայաստան էր այցելել։

Լուսանկարը՝ կառավարության ֆեյսբուքյան էջից