Գախարիայի կուսակցությունում խոսում են Ջավախքում իրենց թեկնածուների հանդեպ ճնշումների մասին

«Վրաստանի համար» կուսակցության նախագահի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին արտակարգ բրիֆինգի ընթացքում հայտարարել է, որ իշխանությունը ուժային կառույցների ներգրավմամբ ճնշումներ է իրականացնում: 

Մեզվրիշվիլիի խոսքով, ԿԸՀ-ում թեկնածուների գրանցումից հետո «Վրացական երազանքը» սկսել է ճնշումներ գործադրել իրենց թեկնածուների վրա, ինչի արդյունքում տասնյակ թեկնածուներ են հրաժարվել քաղաքական պայքարը շարունակելուց:

Կուսակցության փոխնախագահի խոսքով Սամցխե-Ջավախեթիի բոլոր մունիցիպալիտետներում թեկնածուների հանդեպ ճնշումներ են իրականցվել, վերջիններիս սպառնացել են ազատել աշխատանքից, խնդիրներ ստեղծել աշխատավայրում և այլն:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում նույնպես, ըստ Մեզվրիշվիլիի, ճնշումների արդյունքում իրենց թեկնածուները հրաժարվել են համամասնական ցուցակում ընդգրկվելուց և մեծամասնական թեկնածությունից, ինչպես նաև հրաժարական է տվել Նինոծմինդայում «Վրաստանի համար» կուսակցության շտաբի ղեկավարը: