Georgian Airways-ը դեպի Ռուսաստան անխափան ուղևորափոխադրումներ կիրականացնի

Georgian Airways վրացական ավիաընկերությունը հայտարարություն է տարածել: Ստորև ներկայացնում ենք ընկերության հայտարարությունը՝ անփոփոխ.

«Տեղեկացեք, որ Georgian Airways ավիաընկերությունը 17 ուղղություններով, այդ թվում Եվրոպա և Ռուսաստան, ըստ ժամանակացույցի և անխափան թռիչքներ կիրականացնի։ Ավիաընկերությունը պատրաստ է ապահովել զբոսաշրջիկների հարմարավետ և ապահով ճանապարհորդությունը», — գրված է հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ ռուսական TASS լրատվական ծառայությունը, հղում անելով ռուսական ավիաընկերություններին, գրում է, թե Ռուսաստանի քաղաքացիները սկսել են հետ վերադարձնել դեպի Վրաստան գնած տոմսերը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հուլիսի 8-ից ավիաընկերություններին արգելվում է փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։