Աբաշիձեն արձագանքում է Պուտինի՝ ավիափոխադրումներն արգելող հրամանագրին

Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ավիափոխադրումները դադարեցնելու մասին հրամանագիրը:

Աբաշիձեի խոսքերով, այս փուլում աշխատանքներ են տարվում այս որոշման վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման համար:

«Այս փուլում մենք փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ այս որոշման, համապատասխան վերլուծության և եզրակացությունների մասին: Դրանից հետո մենք մեկնաբանություն կանենք: Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել երկրի ինքնիշխանությունը և յուրաքանչյուր քաղաքացու շահերը: Պետք է խուսափել լուրջ հարցերի շուրջ շտապ որոշումներ կայացնելուց», — ասել է Զուրաբ Աբաշիձեն:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հուլիսի 8-ից ավիաընկերություններին արգելվում է փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։