Գերմանիայում աշխատել ցանկացողների թիվն անցել է 30 հազարը

Վրաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության խթանման պետական ​​գործակալության հաղորդմամբ՝ աշխատանքի տեղավորման նպատակով կառավարության ստեղծած հատուկ կայքում մեկ օրում արդեն գրանցվել է 53 274 Վրաստանի քաղաքացի, որոնցից 35 121-ը Գերմանիայում աշխատել ցանկացողներն են։

Քաղաքացիների գրանցումը մեկնարկել է փետրվարի 15-ից։

Վրաստանի քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն գյուղատնտեսության ոլորտում 3 ամսով աշխատել Գերմանիայում, պետք է անցնեն պարտադիր գրանցում՝ հետևյալ՝ http://workabroad.moh.gov.ge/ կայքում։

Գրանցումը կտևի ամբողջ տարի։ Կարող են դիմել 18-60 տարեկան Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մեկնումից առաջ երեք ամիս չեն եղել Շենգենյան գոտում:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սեզոնային աշխատանքներում վրացի աշխատուժի ներգրավման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարի 17-ին: Խոսքը միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների մասին է, որոնք սկսվում են ապրիլի 1-ից, և ցանկացողները պետք է բավարարեն որոշակի պահանջներ:

Ի թիվս այլ պահանջների, դիմորդները պետք է տարրական հաղորդակցության մակարդակում տիրապետեն գերմաներեն կամ անգլերեն լեզուներին: Լեզվի իմացության պահանջը որոշելու է գործատուն:

Աշխատանքները ներառում են բերքահավաք՝ 1-3 ամսվա ընթացքում, աշխատաժամանակը՝ շաբաթական 5-6 օր, օրական՝ 8-10 ժամ։ Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար կկազմի 9 ու կես եվրո, որից կհանվեն սննդի ու կացարանի հարկերն ու ծախսերը:

Գրանցվելուց հետո Վրաստանի աշխատանքի նախարարության զբաղվածության խթանման պետական ​​գործակալության աշխատակիցները կկապվեն դիմորդների հետ և նրանց կհրավիրեն սպասարկման կենտրոն, որտեղ հայտատուն պետք է գա նույնականացման քարտով և (կամ) անձնագրով:

Դիմորդի տվյալները կփոխանցվեն գործատուներին, որոնք վերջնական որոշում կկայացնեն: Հաստատման դեպքում գործատուն աշխատողին կուղարկի աշխատանքային պայմանագիր, որը կազմվելու է նախքան Գերմանիա մեկնելը: