«Գավրիլովի բանտարկյա՞լ». խորհրդարանը որոշեց ընդդիմադիր գործչի ճակատագիրը

Վրաստանի ամենահայտնի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ 2019 թվականից ի վեր ընթացող քրեական գործի շրջանակներում խորհրդարանն այսօր քննարկեց քաղաքական գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հայցը ներկայացրել էր գլխավոր դատախազը:

88 կողմ, 2 դեմ ձայնով, խորհրդարանը զրկեց Մելիային անձեռնմխելիությունից: Այսպիսով, խորհրդարանը համաձայնություն տվեց դատախազությանը՝ Մելիային ձերբակալելու հարցում:

Գլխավոր դատախազությունը 2019-ի հունիսի 20-ի գործով մեղադրվող Նիկա Մելիայի խափանման միջոցը պահանջում էր փոխել կալանքի, քանի որ վերջինս չի վճարել սահմանված գրավը:

Կարգի համաձայն, հարցը պետք է քննարկվեր դեռ խորհրդարանի հանձնաժողովների շրջանակներում, այնուհետև խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: Հանձնաժողովները քննարկման ընթացքում կողմ են քվեարկել Մելիային անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

Հարցի հետ կապված կարծիքները կիսվել են Վրաստանում: Օմբուդսմենն, օրինակ, կոչ է արել խորհրդարանի պատգամավորներին՝ Մելիային չզրկել անձեռնմխելիությունից, իսկ դատախազությանը՝ վերանայել գոյություն ունեցող փաստաթղթերն ու խափանման միջոցներ կիրառելու որոշումը: Նինո Լոմջարիայի խոսքով, դատախազությունը չունի հստակ հիմք նման որոշում կայացնելու համար:

Ինչ վերաբերում է իշխող «Վրացական երազանքի» ներսում շրջանառվող կարծիքին, պատգամավորները գտնում են, որ ոչ ոք օրենքից բարձր չի կարող լինել: Սա է պատճառը, որ խոստացել են Մելիային զրկել անձեռնմխելիությունից, չնայած, իշխող կուսակցության պատգամավորների հայտարարություններում դժվար չէ նկատել ՄԱՇ-ի նկատմամբ քաղաքական մեղադրանքները, որոնք կապ չունեն տվյալ գործի ընթացքի հետ:

Մելիային աջակցում է քաղաքացիական հասարակությունը: Առավոտից խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում ի աջակցություն ընդդիմադիր գործչի: Ակտիվիստները տարածք են բերել Գավրիլովի ու «Վրացական երազանքի» առաջնորդների լուսանկարները:

ՄԱՇ-ի ու Եվրոպական Վրաստանի, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների անդամները կարծում են, որ, եթե Մելիային ձերբակալելու որոշում կայացվի, նա կհամարվի քաղբանտարկյալ՝ «Գավրիլովի բանտարկյալ»:

Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը, հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն ձերբակալել չի հաջողվի:

Հետևաբար, փետրվարի 12-ին գլխավոր դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցով, որպեսզի հետագայում դիմեր դատարան՝ առավել խիստ խափանման միջոցով՝ բանտարկելու հայցով:

Մելիայի նկատմամբ մեղադրանք առաջադրվել է «Գավրիլովի գիշերվա» ընթացքում՝ 2019-ի հունիսի 20-21-ի խորհրդարանի մոտ հակաօկուպացիոն բողոքի ակցիայի ժամանակ, երբ աջակիցների հետ միասին գործադիրի շենքը գրոհելու փորձ էր արել՝ խմբակային բռնություն իրականացնելու ու այն ղեկավարելու հոդվածով: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 19֊ին Վրաստանում մեկնարկեց Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստը, ինչը բազմիցս արժանացել էր Վրաստանի ընդդիմության քննադատությանը։ Պատճառն այն էր, որ նշված վեհաժողովի նախագահ էր ընտրվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը բազմիցս խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին օրենքը:

2019 թ․ հունիսի 27-ի որոշմամբ, Մելիային որպես խափանման միջոց 30 000 լարիի չափով գրավ էր սահմանվել և էլեկտրոնային մոնիթորինգ՝ թևնոցի տեսքով: Մելիայի խոսքով, ինքը վճարել է 30 000 լարի գրավը: 2020թ․ նոյեմբերի մեկին, բողոքի հերթական ցույցի ընթացքում, Մելիան հանրայնորեն հանեց թևնոցը:

Սրանից հետո դատախազությունը դիմել է դատարան՝ գրավը մինչև 100 000 լարի բարձրացնելու պահանջով, ինչի արդյունքում դատարանը սահմանել է հավելյալ 40 000 լարի գրավ, մուծման ժամկետը՝ 50 օր: Մելիային արգելվել է հատել երկրի սահմանը:

Նիկա Մելիան տասներորդ գումարման խորհրդարանի անդամ է: Չնայած, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունած ու բոյկոտող մնացած ընդդիմադիրների հետ մեկտեղ ինքնակամ դիմել էր իրեն մանդատից զրկելու հարցով, սակայն խորհրդարանը հրաժարվել է պահանջը բավարարելուց, և նա փաստացի պատգամավոր էր:

Մելիան նախկինում էլ, լինելով իններորդ գումարման խորհրդարանի անդամ, զրկվել էր պատգամավորական մանդատից, երբ նրա նկատմամբ մեղադրական որոշում կայացվեց՝ «Քարթու» բանկի սնանկացման գործով՝ մեղադրվելով պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։