Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին և Մարկ Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները, Վրաստանի եվրաինտեգրման հարցը և երկկողմ հարաբերությունները։

Ըատ տեղեկության՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ասոցացված եռյակի՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության դիմումներին և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի իրականացման գործում Վրաստանի արձանագրած առաջընթացին։

«Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Եվրահանձնաժողովի դրական որոշումը ներկայացված հայտերի վերաբերյալ լրացուցիչ խթան կհանդիսանա բարեփոխումների հաջող շարունակման համար և կդառնա ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլի սկիզբ»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանն այս գործընթացում կունենա Նիդերլանդների Թագավորության աջակցությունը.

«Զրույցի հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքով տարածաշրջանում ստեղծված անվտանգային ծանր միջավայրն էր։ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի համերաշխությունն ու քաղաքական աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով, և ընդգծել է միջազգային հանրության համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ իրավիճակը դեէսկալացնելու և պատերազմը  հնարավորինս շուտ կանգնեցնելու համար»։

Տարածած տեղեկության համաձայն՝ երկու երկրների վարչապետները քննարկել են նաև Վրաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը։

«Մարկ Ռյուտեն վերահաստատել է Նիդերլանդների Թագավորության անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։