Ղարիբաշվիլին կոչ է անում կիրառել Ռուսաստանի դեմ հնարավոր միջոցները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ արձագանքելով փետրվարի 24-ի լուսաբացին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Մենք Ուկրաինայի հետ ենք: Ինքնիշխան երկրի վրա ռազմական հարձակումն անընդունելի է: Կոչ ենք անում միջազգային հանրությանը կիրառել բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի կողմից միջազգային կարգի բացահայտ խախտումը դադարեցնելու և ռազմական հետագա էսկալացիայից խուսափելու համար», — գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էր անդրադարձել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սանձազերծելուն:

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների «անկախությունը»։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։