Պատասխան Պուտինին. Թբիլիսիում ցույց է ծրագրվում

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունը հայտարարում է այսօր՝ փետրվարի 24-ին «Պատասխան Պուտինին» խորագրով ցույցի մասին:

«Այսօր Ուկրաինան անցնում է այն ճանապարհով, որով անցել է Վրաստանը 2008թ.-ին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Պուտինի հիմնական նպատակը պատմությունը վերաշարադրելն է՝ փորձելով համոզել ամբողջ աշխարհին, թե Ռուսաստանը «չար» կայսրություն չէ և պատերազմ չի սկսում, բայց երկար տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միշտ պատերազմ է սկսել։ Ողջ աշխարհն ընդգծում է, որ այսօր Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ այնպիսի քայլեր է անում, ինչպիսին արել է Վրաստանի նկատմամբ։ Պուտինն իր ելույթում մեզ վստահեցրեց, որ խաղաղություն է ուզում և ոչ մի պետության տարածք չի գրավել, բայց ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի «անկախության» ակտը։

Վրաստանի բնակչությունը երբեք չի համակերպվի օկուպացիային։ Վրացիները երբեք չեն նահանջել, և նույնիսկ այսօր մենք պետք է թույլ չտանք Պուտինին վերաշարադրել պատմությունը: Այսօր մեզ հնարավորություն է տրվում վերահաստատելու մեր դիրքորոշումը, որ Ռուսաստանը ագրեսոր է և օկուպանտ։

Այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում միասին պատասխանենք Պուտինին»,- նշված է հայտարարության մեջ:

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների «անկախությունը»։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։