Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ

Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հետ կապված Վրաստանի առաջին արձագանքներն արեցին խորհրդարանի խոսնակն ու նախագահը, այնուհետև վարչապետ Ղարիբաշվիլին: Հատկանշական է, որ այդ հայտարարություններն արվեցին գործողությունների մեկնարկից ավելի քան 6 ժամ հետո։

Վրացական կողմը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային: Նախօրեին ուշ երեկոյան Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ որևէ միջնորդական գործունեության մեջ իր դերը չի տեսնում, նույնիսկ հարթակ տրամադրելն անիրական է այս դեպքում:

Վրաստանի փորձագիտական դաշտը վրդովված է տեղի ունեցածով: Փորձագետ Թորնիկե Շարվաշենիձեի խոսքով՝ տեղի ունեցող իրադարձունները բացարձակ անսպասելի էին նման սցենարով:

«Ռացիոնալ վերլուծություն չի ստացվում անել: Նրանք (ռուսական կողմը խմբ.) կարող էին մնալ Դոնբասում ու այնտեղից շարունակել ռազմական գործողությունները: Ինչո՞ւ է պետք վարվել այսպես՝ ընդհանրապես անհասկանալի է: Կանխատեսումներ անել այլևս չեմ կարող, որովհետև ռուսական կողմն իրեն ծայրահեղ ոչ ռացիոնալ կերպով է դրսևորում»:

Արևմուտքի կողմից ըստ Շարվաշենիձեի, միակ օգնությունը կարող է լինել Ուկրաինային զենք տրամադրելն ու պատժամիջոցներ սահմանելը:

Անվտանգության հարցերով փորձագետ Վախտանգ Մաիսաիան անդրադառնում է Վրաստանին սպասվող վտանգներին, որպես ՆԱՏՕ-ի ընդարձակման դեմ Պուտինի գործողություններում ևս մեկ դերակատարի նկատմամբ.

«Արդեն բոլոր տեսակի սցենարները սպասելի են: Պուտինը հնարավոր է սպառնա նաև Վրաստանին, սրանում արդեն կասկածներ չունեմ: Հույս ունեմ, որ արևմուտքի լուրջ ճնշումները Ռուսաստանի նկատմամբ որոշակի արդյունք կտան ու կդադարեցվի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»:

Մաիասաիան ասում է, որ նման զարգացումը պակաս սպասելի է: Ավելի իրական է, որ կշարունակվի Ռուսաստանի ռազմական միջամտությունը Դնեպրի ձախ կողմում, իսկ հետո՝ քաղաքական իշխանությունը կհեռացվի:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այսօր երեկոյան Թբիլիսիում ցույց է ծրագրվում «Պատասխան Պուտինին» խորագրով: Ցույցի նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ Վրաստանի վերաբերմունքը Ռուսաստանին:

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների «անկախությունը»։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։