Վրաստանի ԱԳՆ-ի կոչը Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանն ուշադիր հետևում է Ուկրաինայում ընթացող գործընթացներին։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք մեր ուկրաինացի գործընկերների, ինչպես նաև մեր գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ։ Հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականությունը՝ Կիևում Վրաստանի դեսպանատունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունները, Դոնեցկում (նստավայրը՝ Կիև) անցել են արտակարգ ռեժիմի։ Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է թեժ գիծ +380 (63) 376 77 68, +380 (93) 761 17 17, (093) 544 01 47:

Բացի այդ, Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները տեղում մշտական ​​կապի մեջ են Վրաստանի քաղաքացիների հետ և կոչ են անում հաշվի առնել ստեղծված անվտանգության բարդ միջավայրը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը, ԵՄ անդամ երկրները քաղաքացիներին կոչ են անում լքել Ուկրաինայի տարածքը։

Ուստի, ստեղծված իրավիճակից ելնելով, կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև նյութատեխնիկական-տեղեկատվական օգնության համար դիմել Վրաստանի դեսպանություն, եթե քաղաքացիները որոշեն լքել Ուկրաինայի տարածքը»,- ասված է հայտարարության մեջ:

—————————————————————————————————————————Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։