Ղարիբաշվիլին պատասխանել է Ռուսաստանի՝ սահմանագծման և սահմանզատման հետ կապված հայտարարությանը

Վրաստանի  վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է Ռուսաստանի՝ Աբխազիայի և Հվ.Օսիայի հետ սահմանագծման և սահմանազատման կոչին։

«Մեր պետությունը պետք է ավարտի Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, և դա տեղի կունենա միայն Վրաստանի միացյալ սահմաններով», — ասել է Ղարիբաշվիլին: 

Հիշեցնենք` Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ժնևի բանակցությունների 54-րդ փուլի վերաբերյալ: 

«Ժնևի բանակցությունների մասնակիցների մեծ մասի կարծիքով իրավիճակը վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական սահմանների շուրջ մնում է համեմատաբար կայուն: Տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար ռուսական կողմն առաջարկում է սկսել Վրաստան-Աբխազիա և Վրաստան-Հարավային Օսիա սահմանների սահմանազատման գործընթաց: Մոսկվան այդ գործընթացում աջակցում է Սոխումիին և Ցխինվալիին», — ասվում է Ռուսաստանի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմի հայտարարությանն անմիջապես արձագանքել է վրացական կողմը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե շփման գծի վերաբերյալ Մոսկվայի անօրինական հայտարարությունները բոլորովին անընդունելի են վրացական կողմի համար:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր