ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Կովկասում. ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծում է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության զարգացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Կովկասում։ Այս մասին Սիդորովը խոսել է ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Սիդորովի, դիտարկվում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման հարցը․ 

«Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ամրապնդմանը և դաշինքի ընդլայնմանը դեպի իր սահմանները: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների` Վրաստանի ռազմականացման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը հատկապես մտահոգիչ են տարածաշրջանում: Ավելին, դա չի ամրապնդում Վրաստանի անվտանգությունը»: 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Նիկոլայ Պատրուշևն էլ ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայի և Վրաստանի հետ Ռուսաստանի տնտեսական և մշակութային կապերը խզելու փորձի մեջ։ 

«Ամերիկացիների հիմնական ուշադրության կենտրոնում ԱՊՀ տարածքն է: Փորձ է արվում Ռուսաստանի տնտեսական և մշակութային տարանջատումը Ուկրաինայից և Վրաստանից», — ասել է Պատրուշևն՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ հանդիպման բացմանը:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր