Վրաստանի նախագահը բնակչությանը պատվաստվելու կոչ է անում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բնակչությանը կոչ է անում պատվաստվել։ Նախագահն այս հայտարարությունը արել է այսօր Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ հանդիպումից հետո։

«Այսօր այստեղից, Ժնևից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, շատ կարևոր է ևս մեկ անգամ հիշեցնել մեր բնակչությանը պատվաստման անհրաժեշտության մասին: Համաճարակը ոչ մի տեղ չի անհետանա, ուստի ավելի լավ է, որ մենք ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, և այն կսկսվի պատվաստումից», ասել է նախագահը:

Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1 889 200 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել 1 004 298 մարդ կամ չափահաս բնակչության 35,3%-ը։ Լիովին պատվաստված է 884 902 մարդ՝ չափահաս բնակչության 31%-ը։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 212 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 649 407-ն են:

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր