Գիլիգաշվիլին դարձել է ապատեղեկատվական արշավի զոհ․ ԼՇՊԿ

Վրաստանում «Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ «Մթավարի արխի» լրատվական ծառայության գլխավոր պրոդյուսեր Թեա Գիլիգաշվիլին դարձել է ապատեղեկատվական արշավի զոհ՝ խորհրդարանից հանրային տեղեկատվություն պահանջելու պատճառով։

Մասնավորապես, հունվարի 16-ին Թեո Գիլիգաշվիլին օրենքով սահմանված ձևով խորհրդարանից տեղեկություն է խնդրել ծախսերի մասին և հարցրել, թե ինչ միջոցներով են իշխող կուսակցության անդամները մեկնել Իտալիա՝ Խվիչա Կվարացխելիայի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար։

Իշխող «Վրացական երազանքին» պատկանող ֆեյսբուքյան էջը շատ արագ հրապարակել է Վրաստանի խորհրդարան ուղարկված նամակը և մեղադրել Գիլիգաշվիլիին հանրային տեղեկատվության խնդրանքով իշխանությանը «վարկաբեկելու փորձի» համար։

«Ուշագրավ է, որ իշխող կուսակցությունը պարբերաբար օգտագործում է այս էջը՝ վարկաբեկելու համար քաղաքական ընդդիմախոսներին, հասարակական կազմակերպություններին, քննադատող լրատվամիջոցներին և լրագրողներին, փաստերը և լուսանկարները շահարկելով՝ փորձում է հասարակության մեջ բացասական կարծիք ստեղծել նրանց մասին», — նշված է Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան անթույլատրելի է համարում լրագրողներին վարկաբեկելու փորձը՝ հանրային տեղեկատվության պահանջի պատճառով։