Սաակաշվիլին շնորհավորել է ՄԱՇ-ի նորընտիր նախագահին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է իր հիմնադրած, ազդեցիկ համարվող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլիին։

Խաբեիշվիլին հրապարակել է «Վիվամեդ» կլինիկայից ստացած նախկին նախագահի նամակը:

Նամակում Սաակաշվիլին շնորհավորել է Խաբեիշվիլիին կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ինքը չի պատրաստվում քաղաքական գործունեությամբ զբաղվել Վրաստանում, թեև միշտ աջակցելու է Խաբեիշվիլիին Ուկրաինայից և այլ երկրներից։

Նշենք, որ ՄԱՇ-ի նախագահի ընտրության քվեարկությունը սկսվել է հունվարի 28-ին, ժամը 10-ից հետո և ավարտվել հունվարի 30-ին, ժամը 10-ին։ Ընտրություններին գրանցվել է 49 հազար 638 մարդ։ Նրանցից քվեարկել է 41 հազար 264-ը։

Ի դեպ, 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՄԱՇ-ի անդամների մի մասը դիմել էր կուսակցության նախագահի ընտրությունների անցկացման խնդրանքով։ Նույն օրը կուսակցության արդեն նախկին նախագահ Նիկա Մելիան ասել էր, որ ընտրություններն իր համար ամենահարմար գործընթացն են, ինքը պատրաստ է այդ պայքարին։

ՄԱՇ-ը նոր նախագահ ունի. խոստումը՝ ամեն կերպ հասնել Սաակաշվիլիի ազատ արձակմանը